Հայաստանի ֆինանսաբանկային աշխատաշուկան. թվայնացման ալիքը, աշխատավարձային առաջնորդությունը և տաղանդների նոր պայքարը
Compass by staff.am-ի վերլուծությունը ներկայացնում է Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի աշխատավարձերը, պահանջված հմտությունները, հավաքագրման մարտահրավերներն ու արտոնությունների փաթեթները։
Հայաստանի աշխատաշուկայի ամենադինամիկ և ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկը շարունակում է մնալ ֆինանսաբանկային համակարգը՝ վերածվելով աշխատաշուկայի բարձր վարձատրվող և տեխնոլոգիապես առաջադեմ շարժիչ ուժերից մեկի։ staff.am հարթակի Compass վերլուծական ուղղության վերջին տվյալները թույլ են տալիս ամբողջական հայացք գցել ոլորտի ներքին փոխակերպումներին։
Դիտարկված ժամանակահատվածում (2026 թ. հունվար–օգոստոս) ֆինանսական հատվածին է բաժին ընկել staff.am հարթակում հրապարակված ընդհանուր աշխատատեղերի գրեթե մեկ երրորդը՝ շուրջ 32.8%-ը (ավելի քան 3,800 ակտիվ հայտարարություն)։ Սա խոսուն ապացույց է, որ անգամ մակրոտնտեսական վայրիվերումների և աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում ֆինանսաբանկային էկոհամակարգը մնում է երկրի ամենակայուն և ընդլայնվող գործատուն։
Այս վերլուծական հոդվածում կքննարկենք, թե ինչպես են տեխնոլոգիաներն ու բանկային դասական մոդելները միահյուսվում, որտե՞ղ է ձևավորվում եկամուտների հիմնական բևեռացումը և ինչպիսի՞ պահանջներ են դրվում ապագայի մասնագետների առջև։
Եկամտային բևեռացումը. ֆինանսական հատվածն ընդդեմ շուկայի միջինի

Ֆինանսական ոլորտի գրավչության առաջին և ամենաակնհայտ գործոնը շարունակում է մնալ վարձատրության աննախադեպ մակարդակը։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի և staff.am-ի ավելի քան 101,500 մշակված տվյալների՝ ոլորտի միջին աշխատավարձը շուրջ երեք անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը։ 2024 թվականին գրանցված 905,420 դրամ ցուցանիշից հետո 2025-ին ոլորտային միջինը հասավ 954,837 դրամի, իսկ 2026-ի առաջին կիսամյակում կայունացավ 940,191 դրամի շրջակայքում (երբ ՀՀ միջին աշխատավարձը համապատասխանաբար 310,787 դրամ է)։
Սակայն «միջինացված» այս պատկերի տակ թաքնված է ենթաոլորտների խիստ ընդգծված տարբերակում։ Երբ դիտարկում ենք ոչ միայն միջինը (average), այլև մեդիանը (median՝ միջնարժեքը, որը զերծ է ծայրահեղ բարձր եկամուտների ազդեցությունից), ի հայտ են գալիս ուշագրավ միտումներ․ Ֆինանսական այլ կազմակերպությունները (ներդրումային, բրոքերային, կապիտալի շուկաներ) գլխավորում են աղյուսակը՝ արձանագրելով 1,351,841 դրամ միջին և 833,571 դրամ մեդիան աշխատավարձ։ Այստեղ առանցքային դերակատարներ են Freedom Broker-ը, EY Հայաստանը, Հայաստանի ֆոնդային բորսան (AMX), ACRA վարկային բյուրոն և INCORE-ը։ Բարձր ցուցանիշները պայմանավորված են նեղ մասնագիտական փորձագետների (աուդիտ, ռիսկեր, կապիտալի կառավարում) պահանջարկով։

Բանկային համակարգը և ՈՒՎԿ-ները ցուցաբերում են առավել մասսայական կայունություն՝ 835,253 դրամ միջինով և 540,000 դրամ մեդիանով։ Ֆասթ Բանկը, Արդշինբանկը, Ամերիաբանկը, ԱյԴի Բանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովում են ոլորտի զբաղվածության հիմնական առյուծի բաժինը։
Ֆինտեխ (FinTech) ընկերություններում (Telcell, ArCa, HayPost, Idram, EasyPay) միջինը կազմում է 734,266 դրամ (մեդիանը՝ 523,571 դրամ)։ Այստեղ թվային արտադրանքի մասնագետների և տեխնիկական թիմերի համաչափ աճը ձևավորում է շատ հավասարակշռված մեդիան եկամուտ։
Ապահովագրական սեգմենտը (Էֆես, Ինգո, Նաիրի Ինշուրանս, Արմենիա Ինշուրանս) շարունակում է մնալ ավելի ցածր եկամտաբերության գոտում՝ 638,069 դրամ միջին և 396,554 դրամ մեդիան ցուցանիշներով, ինչը մեծապես բացատրվում է գործակալական ցանցերի և սպասարկման ցածր օղակների մեծ տեսակարար կշռով։
Ոլորտային տրանսֆորմացիա. Ֆինանսական ընկերությունները՝ որպես ՏՏ կենտրոններ

Վերլուծության առանցքային եզրահանգումներից մեկն այն է, որ ֆինանսաբանկային հատվածն այլևս զուտ ֆինանսիստների և հաշվապահների հարթակ չէ։ Այն վերածվել է տեխնոլոգիական հսկայի։ Եթե դասական բանկերում հաստիքների ճնշող մեծամասնությունը (շուրջ 72.8%) դեռևս կապված է բուն բանկային գործառնությունների հետ, ապա ֆինտեխում պատկերն արմատապես այլ է։ Ֆինտեխ հարթակներում հավաքագրումների հիմնական կորիզը կազմում են Product/Project մենեջմենթը (10.1%), մարքեթինգը (9.5%), համակարգային ադմինիստրացիան (7.8%) և ծրագրավորումը (6.7%)։
Ավելին՝ դիտարկելով ֆինանսական ոլորտում ամենապահանջված ՏՏ մասնագետների տասնյակը, հստակ երևում է, որ գործատուների գլխավոր մտահոգությունն անվտանգությունն ու ենթակառուցվածքների անխափանությունն է։ Ցուցակը գլխավորում են ՏՏ անվտանգության (Cybersecurity) մասնագետները, որոնց հաջորդում են ծրագրավորողները, ՏՏ բիզնես վերլուծաբանները, համակարգային ադմինիստրատորները, QA ինժեներները, Product Owner-ները և Data Science / ML ինժեներները։ Ֆինանսական ինստիտուտներն ակտիվորեն մրցակցում են դասական ՏՏ աութսորսինգային ընկերությունների հետ՝ նույն տաղանդների համար։
Շուկայի դիսբալանսը. Որտե՞ղ են գործատուների «ցավոտ կետերը»
Հետազոտությունը բացահայտում է աշխատաշուկայի խորքային պարադոքսը. այն հաստիքները, որոնք առավել դժվարությամբ են համալրվում, հաճախ չեն համընկնում դիմորդների մասսայական հետաքրքրությունների հետ։

Ինչի՞ հետևից են գնում թեկնածուները. Դիմորդների ամենամեծ հետաքրքրությունը կենտրոնացած է Մարդկային ռեսուրսների կառավարման (HR), ադմինիստրատիվ աշխատանքների, մարքեթինգի և վաճառքի ոլորտներում։ Սա ստեղծում է գերհագեցած մրցակցություն ոչ տեխնիկական և կորպորատիվ աջակցող դիրքերում։
Ի՞նչ են անհուսորեն փնտրում գործատուները. Բանկերում և ՈՒՎԿ-ներում ամենադժվար համալրվող ուղղությունները շարունակում են մնալ ՏՏ անվտանգությունը, ծրագրավորումը, DevOps-ը և որակյալ վաճառք ու սպասարկումը։
Ֆինտեխում «դեֆիցիտային» են համարվում SysAdmin-ները, ծրագրավորողները և QA մասնագետները, իսկ ապահովագրական և ներդրումային ընկերություններում՝ աուդիտի, համապատասխանության (Compliance) ու ռիսկերի փորձագետները։
Այս ճեղքվածքը վկայում է այն մասին, որ շուկայում առկա է որակավորումների անհամապատասխանություն (Skills Mismatch)․ կա մարդկային ռեսուրսների ավելցուկ հումանիտար-ադմինիստրատիվ հատվածում և սուր սով՝ խորը տեխնիկական, կիբեռանվտանգության ու մասնագիտացված ֆինանսական գործառույթներում։
Հմտությունների էվոլյուցիան. ՀԾ-ից մինչև SQL և բանակցություններ

Մասնագիտական հմտությունների (Hard Skills) պահանջարկը հստակ արտացոլում է տեղական շուկայի իրողությունները։ Առաջատար դիրքերում շարունակում են մնալ տեղայնացված և բանկային ստանդարտ գործիքները՝ Հայկական Ծրագրերը (7.8%), բանկային օրենսդրության իմացությունը (7.7%), LSoft-ը (4.6%) և MS Excel-ը (4.3%)։ Սակայն դրանց արդեն հետևում են տվյալների հետ աշխատանքի գործիքները, ինչպիսին է SQL-ը (2.6%), ինչպես նաև ֆինանսական վերլուծությունն ու ռիսկերի կառավարումը։ Միաժամանակ, փափուկ հմտությունները (Soft Skills) դարձել են գնահատման գլխավոր զտիչները։ Առաջին պլան են մղվել այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ Բանակցելու կարողությունը (19.0%) Ժամանակի կառավարումը (16.4%) Վերլուծական մտածողությունը (13.8%) Թիմային աշխատանքը (12.7%) և հաճախորդամետությունը (11.7%) :
Սա ցույց է տալիս, որ տեխնիկական գիտելիքներն այլևս բավարար չեն. ֆինանսական կառույցներին անհրաժեշտ են ադապտիվ, հաճախորդի հետ շփվելու և արագ փոփոխվող միջավայրում ինքնակազմակերպվող աշխատակիցներ։
Արտոնությունների փաթեթներ. Բենեֆիթների մշակույթը՝ որպես պահպանման գործիք

Ուժեղ մրցակցության պայմաններում ֆինանսական հաստատությունները ձևավորել են Հայաստանում թերևս ամենահարուստ կորպորատիվ արտոնությունների (Employee Benefits) փաթեթները։ Հետազոտված ընկերությունների 100%-ն իրենց աշխատակիցներին ապահովում են բժշկական ապահովագրությամբ, կատարողականի (KPI) բոնուսներով, ներքին ուսուցման ծրագրերով և լրացուցիչ արձակուրդային օրերով։ Գործատուների գերակշիռ մասը (70–90%) առաջարկում է նաև տարեկան բոնուսներ, աշխատավարձի պարբերական վերանայում, ինչպես նաև միջազգային կոնֆերանսների մասնակցության և հավաստագրման (certification) ֆինանսավորում։
Ուշագրավ է նաև ֆինանսական բարիքների ներդրումը. ընկերությունների 40–50%-ն առաջարկում է հիփոթեքային և սպառողական վարկերի արտոնյալ պայմաններ, ընտանիքի անդամների ապահովագրություն և ուսման վարձի փոխհատուցում։ Սա վկայում է այն մասին, որ գործատուի բրենդը (Employer Brand) կառուցվում է ոչ միայն բազային աշխատավարձի, այլև աշխատակցի երկարաժամկետ կենսակերպի և ընտանեկան բարեկեցության ապահովման շուրջ։
Ամփոփում. Ու՞ր է շարժվում շուկան
staff.am-ի վերլուծությունը հստակորեն փաստում է՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը գտնվում է որակական հասունացման փուլում։ Դասական բանկային գործառույթների կողքին ձևավորվել է FinTech-ի և տվյալահեն պրոդուկտների հսկայական շերտ։
Առաջիկա տարիներին ոլորտի գլխավոր մարտահրավերը լինելու է ոչ թե աշխատատեղերի ստեղծումը, այլ տաղանդների վերապատրաստումն ու համալրումը։ Հաջողության կհասնեն այն կազմակերպությունները, որոնք կկարողանան ոչ միայն առաջարկել բարձր աշխատավարձ, այլև ներդրումներ կկատարեն կիբեռանվտանգության, տվյալագիտության և թվային պրոդուկտների զարգացման կրթական նախաձեռնություններում՝ կրճատելով պահանջարկի և առաջարկի միջև եղած անդունդը։
Աշխատաշուկայի ընդհանուր տենդենցներից զատ՝ յուրաքանչյուր ինդուստրիա ունի իր յուրահատուկ դինամիկան, աշխատավարձային սանդղակներն ու տաղանդների ներգրավման մարտահրավերները։
Եթե ցանկանում եք ստանալ Ձեր ոլորտին կամ կազմակերպությանը համապատասխանեցված խորքային հետազոտություն՝ լրացրե՛ք հայտը այստեղ, և մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ՝ քննարկելու Ձեր բիզնեսի կարիքներին առավելագույնս հարմարեցված տվյալահեն լուծումները։

